Արդեն 1 տարի է մենք սեբաստացի ենք
Ես Զարինեն եմ՝ երեք տարեկան Նավոյան Ռոբի մայրը: Արդեն մեկ տարի է Ռոբս ՄՍԿՀ Հարավային դպրոց-պարտեզի սան է: Քանի որ մշտապես համոզված եմ եղել, որ երեխայի կրթության հիմքը դրվում է հենց պարտեզում, բավական երկար ենք մտածել ու որոնել այն նախակրթարանը, որը կհամապատասխաներ մեր պատկերացումներին: Նպատակս էր, որ նախակրթարանը տար հայեցի կրթություն և դաստիարակություն, դրա հետ մեկտեղ ի դեմս երեխայի կերտեր ուժեղ և ինքնուրույն անհատ, ով սիրում է սովորել, հարգում է մարդկանց և բնությունը, ստեղծում է և ոչ ոչնչացնում, կառուցում է և ոչ կոտրում, ով կարողանում է առաջ ընթանալ: ՄՍԿՀ-ն գտանք անցյալ տարվա ամռան վերջին ու սեպտեմբերից Ռոբս սկսեց հաճախել: Սպասելիքներս ավելին քան արդարանում են օր-օրի: Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ օրվա ավարտին վերադառնում եմ տուն ու Ռոբիս հանդիպելիս մի նոր հայերեն երգ եմ լսում նրա մանկական ոչ հստակ արտաբերմամբ, կամ երբ վնասվում ենք մեկն ու մեկս Ռոբս շտապում է օգնել, համբուրում է, հարցնում. “Անցավ?”: Երբ տարվա ընթացքում Ռոբս մասնակից է դառնում հայկական տոնա-ծիսական արարողություններին, սովորում դրանց վերաբերյալ երգերը, ճանաչում մեր մշակույթն ու կենցաղավարությունը, որ դարերի խորքից պահպանել ենք ու սերնդեսերունդ փոխանցել: Ռոբը տարբերվում է իր պահվածքով մեր շրջապատի և բարեկամների բոլոր երեխաներից. Ավելի ինքնուրույն է, ունի ինքնասպասարկման հմտություններ, անկաշկանդ շփվում է:
Կարծեք թե այսքանով կսահմանափակվեի, բայց չեմ կարող չխոսել ՄՍԿՀ անձնակազմի մասին: Տարվա կեսին մեր ընտանիքում ունեցանք նյութական դժվարություններ և մի պահի անհնար դարձավ վարձավճարը վճարել ու Ռոբիս հաճախելը պարտեզ: Ռոբի դաստիարակ Սոնա Նակաշյանի դրսևորած մարդկային մեծ արժեքների, համագործակցության և մեզ հետ միասին հարազատի նման ելք գտնելու պայքարի շնորհիվ դիմեցինք Հարավային դպրոց-պարտեզի տնօրինությանը և ստացանք հնարավորություն մի քանի ամսվա վարձավճարը վճարել մեզ հարմարեցված գրաֆիկով: Դրանից բացի այդ դժվարին ամիսների ընթացքում Ռոբի նկատմամբ ցուցաբերած հոգատարությունը, բացառիկ ուշադրությունն ու մեզ հետ ամենօրյա համագործակցությունը ընկեր Սոնայի ու ընկեր Լիլիթի կողմից, մեզ համար հոգեբանական յուրահատուկ աջակցություն էր: Երախտագիտությունս անսահման է ընկեր Սոնայի նկատմամբ, ով իր բժշկական գիտելիքներով ու հմտություններով անընդհատ ինձ աջակցել է ինչպես Ռոբի վատառողջ օրերին, այնպես էլ իմ:
Այս ամենին զուգահեռ արվում է մանկավարժա-դաստիարակչական հիանալի աշխատանք, որից բազմաթիվ բաներ եմ սովորում ինքս. Օրինակ՝ ինչպես վարվել Ռոբի հետ, որպեսզի առանց երեխային սթրեսի կամ բռնության ենթարկելու նա անի այն ինչ իրենից սպասում ենք տվյալ պահին:
Մեր ընտանիքի համար հստակ է, որ չնայած հարևանների ու բարեկամների մշտական հորդորներին, որ Ռոբին Թաիրովի մանկապարտեզ ուղարկելն ավելի ճիշտ է, որովհետև մոտիկ է, պետական է և այլն, մենք ոչ մի դեպքում չենք դադարի ՄՍԿՀ հաճախել ու կմնանք սեբաստացի: