Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
Ամեն դպրոց կազմում է նաև իր արտակարգ դրության կանոնակարգը՝ ո՞ր մուտքից ընդունեն սաներին, ո՞վ է դիմավորում, ջերմաչափում, ախտահանում և ուղեկցում խմբասենյակ։
Սաների և դաստիարակների ջերմաչափումը կատարվում է երկու անգամ և գրանցվում էլմատյանում։ Խմբում աշխատում է երկու դաստիարակ։ Ջերմաչափում առավոտյան՝ 9։00-10։00: Ջերմաչափում տուն ճանապարհելիս։
Նախակրթարանի բակ-պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները ամեն օր մասնակցում են պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Եթե երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում իր շրջակա միջավայրը մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում, բացահայտում, ապա նրա մեջ ձևավորվում են գեղագիտական ճաշակ, սեր աշխատանքի նկատմամբ, ավելին անելու ձգտում։ Այս մշակույթը դեռ մանկությունից պիտի լինի բոլորի մոտ։ Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ փոքր խմբերով մասնակցում են որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգի և այլն: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ․ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների տարիքին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:
Աշնանային պարտեզում սաների ամբողջ օրն անցնում է բակում։ Աշնանային հավեսի գունեղ մարզական խաղեր գլաքարերի վրա, աշնանային գունեղ միջավայր, որտեղ սաները ինքնուրույն, ամենօրյա գործունեությամբ սովորում են, ապրում, ձեռք բերում բազում նոր հմտություններ ու կարողություններ՝ դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը, բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, թռչկոտի, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություններով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք ստեղծածի բերկրանքը: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ցուցադրում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը, եթե նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ» բաղադրատոմսը, կծնվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես՝ թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛… Էլ չեմ խոսում թթուդրիկի, խաղողածեսի, լավաշթխիկի մասին, որոնք աշնանային պարտեզի բաղկացուցիչ մասն են` իրենց ծիսական երգուպարով, խաղերով ու թռնոցիներով:
Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ՝
- նախաճաշ՝ 09։30-10։00,
- ճաշ՝ 12։00-12։30,
- հետճաշիկ՝ 15։00-15։30։
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն-խաղի, լվացվում ենք ինքնուրույն, օճառով և ձեռքերը չորացնում միանգամյա թղթե սրբիչով): Մեծանալ, ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Լվացվելուց հետո օրվա հերթապահները դաստիարակներից մեկի ուղեկցությամբ իջնում են խոհանոց: Խոհանոցում խոհարարի հետ միրգ-բանջարեղենը կշռելով, հաշվել-համեմատելով, իրար օգնելով՝ տանում են բակ կամ խմբասենյակ: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն բակում կամ օդափոխված խմբասենյակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենի կորիզները, բլբլալով` սպասքադրում են սեղանը: Հետո սուրհանդակ է գալիս, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքի հավաքվելուն։ Սաները, լվացվելուց հետո պահպանելով սահմանված հեռավորությունը, հարմար տեղավորվում են․ բուրում են համեղ ճաշիկները, ու կանչում է սպասքադրած սեղանը: Սա՛ է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզև՝ սխալվելով։
Դե, իհարկե, ուտելուց հետո հավաքում են, լվանում մաքրում՝ օգնելով դաստիարակին: Ինքնուրույնության դրսևորման կարևորագույն նախապայմաններն են երեխային վստահելը ու հնարավորություն տալը, որ գործի, ինքը հաղթահարի փոքր դժվարությունները, որպեսզի հավատա սեփական ուժերին, լինի ավելի ինքնավստահ։ Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:
Քնել պատրաստվող բզեզիկներն անցնում են գործի՝ ինքնուրույն բացում են անկողինները, հանվում, և նախշուն տկլորիկները կենդանի երաժշտության նվագակցությամբ, արևային եղանակներին կազմակերպվում է բացօթյա քուն, որին գումարվում են թռչյունների ծլվլոցը, տերևների խշշոցը, մեղմ շոյող քամին և ջերմացնող արևը, քուն են մտնում մաքուր օդին՝ տեղափոխվելով մի հեքիաթային դրախտավայր, որտեղ ամեն բան կարծես իրական է, գեղեցիկ, ինչպես հեքիաթում: Այսպիսի չթելադրող ու չպարտադրող, միևնույն ժամանակ ստեղծական ու երևակայական միջավայրում են ծաղկում սեբաստացիները:
Այս ամբողջ ընթացքում չենք մոռանում կրել դիմակ, հաճախակի լվացվել, ախտահանել ձեռքերը, տարածքը և պահպանել անվտանգությունը: