Երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման հիմքում ընկած է խաղը, այն դառնում է մանկության և դաստիարակության ուղեկից, անհրաժեշտություն, տալիս ճկուն միտք, ձևավորում արժեք, ճաշակ, որակ, և, իհարկե, գիտելիքներ:
Հայկական ավանդական մշակույթը հարուստ է ազգային խաղերով ու խաղերգերով, ու յուրքանչյուր հայ երեխա մեծացել, մեծանում և դեռ պետք է մեծանա ազգային ամենատարբեր խաղերով։ Վաղ հասակից սերը, ձգտումը դեպի խաղն աննպատակ չեն։
Ազգային խաղերն ունեն նպատակներ, լուծում են մի շարք խնդիրներ՝
- ազգային մշակույթի յուրացում,
- բնական, ինքնաշեն կամ տարբեր պարագաների միջոցով երգին այլընտրանքային ռիթմ տալու, նվագակցելու կարողությունների ձևավորում,
- խաղի միջոցով երաժշտական ընդունակությունների ձևավորում,
- միաժամանակ երգելու, նվագակցելու ունակությունների ձեռքբերում,
- երաժշտական ընդհանուր հմտությունների ընդլայնում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը յուրատեսակ կամուրջ է ազգային ավանդույթների և սաների միջև։ Այն երեխային դարձնում է ազգային մշակույթի կրողն ու տարածողը, դե, իսկ նախակրթարանում սանն այդ ամենն ստանում է դաստիարակի հետ, նրա միջոցով, նրա օգնությամբ:
Կրթահամալիրում անցկացվում են՝ խաղերի, խաղերգերի, ազգային պարերի սեմինար-դասընթացներ 2-4 տարեկանների լաբորատորիայի ղեկավարությամբ։ Սեմինար-պարապմունքները վարում են երաժիշտ, թռնոցիների մեծ վարպետ Մարինե Մկրտչյանը, պարուսույց Լաերտ Գրիգորյանը…
Դաստիարակները, պարապմունքից իրենց հետ բերելով ազգային խաղերի, խաղերգերի մաքրամաքուր օրինակներ, փոխանցում են սաներին: Նախակրթարանի սաները խաղերի, խաղերգերիմիջոցով ծանոթանում են ազգային ծեսերին, ավանդույթներին։ Ամեն ծես իրեն հատուկ ազգային խաղերով է անցկացվում: Ազգային խաղերն ու խաղերգերն ունեն դրական ազդեցություն զգացմունքային և հուզական աշխարհի, լեզվական, խոսքային կարողություններիվրա։ Կարևոր են հատկապես դրանց` բառապաշարը զարգացնելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունները:
Ծիսական խաղերգեր օրինակներ՝
Խաղն ու խաղերգն ավելի ամբողջական են, երբ կա երաժշտական գործիք, սանի ձեռքով պատրաստված ինքնաշեն շրխկան։ Հաճախ ձեռքի տակ եղած պարագաներն էլ են ծառայում որպես շրխկաններ, որն էլ ավելի է ուրախացնում սաներին, ոգևորում։ Սանն սկսում է հաճույքով սովորել խաղն ու երգը, տիրապետում է ռիթմի զգացումին, զգում է երաժշտությունը, ինչու չէ, իր գործունեությամբ նաև տալիս է հնարավություն նոր մտահղացումների: Երեխաները շատ են սիրում ծափխաղերը, որոնք նույնպես օգտագործվում են ազգային երգերի մեջ ասիկներ, ճվիկներ բերանացի ասելու ժամանակ։ Երեխայի մեջ ծափխաղերը կրկնապատկում են ռիթմի զգացողությունը՝ տալով երգին ու խաղին առույգություն, աշխուժություն, ջերմություն:
Ազգային խաղիկներ`
Յուրաքանչյուր օր սկիզբ է նոր գործի, գաղափարի ու նորարարության։ Սանն է որոշում, թե ինչպես գործի, երգի ու գործը առաջ տանի իր փոքր, բայց միաժամանակ մեծ քայլերով։ Դաստիարակն ընդամենը պիտի կարողանա գրագետ, նուրբ, խնամքով մոտեցում ցուցաբերել, լինել սանի կողքին միշտ, դառնալ նրա ճաշակի ընկերը, հաշվի առնել նրա ցանկացած կարծիք, համագործակցել, և դա կլինի հաջողության լավագույն գրավականը: Պետք է օգնել, չխանգարել ստեղծական, երաժշտական ճաշակը զարգացնելու և տաղանդը արթնացնելու գործում․ չէ՞ որ այն շա՜տ մակերեսորեն «քնած» է, բավական է մի փոքր կայծ, և այն կարթնանա:
Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակներ` Էլյա Գրիգորյանի և Լիլիթ Հովհաննիսյանի նյութերը։