Ծննդյան ծեսը՝ ուսումնական արարողակարգ

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է, ուսումնական արարողակարգ: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:

Ծեսերին նոր կյանք տալու համար հարկավոր է նախ շատ լավ յուրացնել ավանդականը, ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Իհարկե, ծեսին նոր կյանք տալ չի նշանակում ակունքից բոլորովին հեռանալ, հնարավոր է և պետք է հնի վրա կառուցել նորը: Այդ ժամանակ նաև բանահավաքչությամբ ենք զբաղվում. ծնողներից, տատիկ-պապիկներից ձայնագրում կամ գրառումներ ենք կատարում, հետաքրքիր սովորույթները, ավանդույթներն ուսումնասիրում, քննարկում ենք մասնագետների հետ և ներառում նախագծերի մեջ: Դրանք կարող են լինել մեզ դեռևս անծանոթ օրհնանքներ, խաղիկներ, հաշվերգեր, ասույթներ, ուտեստներ, հետաքրքիր ավանդույթներ, ինչպես նաև արդեն հայտնի ժողովրդական ստեղծագործությունների տարբերակներ, որոնք մշակում ենք և կիրառում: Դաստիարակը ոչ միայն հետազոտական, ստեղծական աշխատանք է կատարում, այլև դառնում է իր գործունեության նախագծողը, իրականացնողը և տարածողը: Նախագծի նպատակն է ծեսը դարձնել երեխայինը, և որ նա լինի ոչ միայն մասնակիցը, այլև փոխանցողը ու տարածողը: 

Նախքան ծեսի նախապատրաստությունը, դաստիարակների լաբորատորիան երաժիշտների, տեխնոլոգների հետ քննարկում է կազմակերպում, հավաքում տեղեկատվություն տվյալ ծեսի մասին, և կազմում են աշխատանքային նախագիծ, որը հրապարակվում է լաբորատորիայի և դաստիարակների բլոգներում: 

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

Ծեսերի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախակրթարանի «Ծեսերի փաթեթ» հոդվածում:

Իսկ այսօր կխոսենք Ծննդյան ծեսի մասին։

Նախատեսում ենք հետևյալ աշխատանքները։

Այո՛, այո՛,  սրանք պարզապես օդում կախված խոսքեր կամ անիրականալի երազանքի մասին խոստովանություններ չեն։ Այս  ամենը  տեղի է ունենում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 2-5 տարեկանների լաբորատոր-արտադրամասում: Ճիշտ է, արտադրամասի անունը և լոգոն դեռ պատրաստ չեն, բայց դրանք անլուծելի խնդիրներ չեն, քանի որ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժներով  որոշեցինք ծննդյան ծեսը զարգացնել նախակրթարանում։ Սկսեցինք ծրագրի մշակումներով, խաղային և հեքիաթային միջավայր ստեղծելով, ընտանիքը ծեսին նախապատրաստվելուն ներառելով․ հո չէի՞նք հանդուրժի խանութից գնած անհայտ ծագման բաղադրիչներով տոնական տորթիկի «ներխուժումը» նախակրթարան։ Սկսեցինք քննարկել՝ ինչպես  լրացնել (կամ փոխարինել) գույնզգույն տորթիկի տեղը ավելի հետաքրքիր, այլընտրանքային մոտեցմամբ։
Երբ նախակրթարաններում որոշեցինք ծննդյան ծեսը վերածել գործունեության՝ ինքնուրույն նախապատրաստվել , գնալ խանութ, գնումներ կատարել, տորթ կամ բլիթներ թխել, կամ ծնող-երեխաներ խմբով կեքսիկներ պատրաստել խմբասենյակում, փորձել ձևավորել ընկերների հետ, ամեն ինչ սկսվեց․․․ Նայե՛ք, ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն, իսկական ծննդյան ծես։ Ա՛յ, ծնունդն էսպես է լինում՝ ուրախ, հետաքրքիր, ուսուցանող։

Մշակեցինք անցած տարի, սկսեցինք ընթացքին զարգացում տալ և արդեն ունենք որոշակի արդյունք։

Սեբաստացի ծնողը ոչ թե գնում է արդեն պատրաստի, անհայտ բաղադրիչներով, գույնզգույն տորթիկ, այլ ֆինասավորելով որոշակի գումարով՝ նպաստում է սեբաստացի հրուշակագործների աշխատանքին, կյանքով ուսուցմանը, զարգանալուն՝ մտածելու, երևակայելու, ստեղծելու և զարգացնելու իրենց լաբորատոր արտադրամասը, որտեղ էլ 2-5 տարեկանները  կթխեն, կհամտեսեն, կլղոզվեն, կհրճվեն և իրենց ստեղծական միտքը բաց թողնելով՝ կստեղծեն տվյալ պատվիրատուի ծննդյան տորթիկը բաց, թափանցիկ, հիգիենիկ ու անվտանգ արտադրամասում։ Այս ամենն էլ ավելի կքաղցրացնեն ծիսական երգերը, գովքը, պարը և խաղիկները։ Կստեղծվեն հետաքրքիր տուփեր, օրիգինալ շնորհավորանքներ և բացիկներ՝ պատրաստված մեր սաների կողմից։ Ամենահամեղ, ամենամաքուր, ամենասիրուն ու ամենահավեսի ծննդյան տորթիկը կարող եք պատվիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի արտադրամասում: Մատչելի գին, անթերի որակ և էկոլոգիապես մաքուր հումք, և 2-5 տարեկաների փոքրիկ թաթիկների հզոր ու մաքուր մտքերով համեմված, զարդարված ամենահետաքրքիր տորթիկը պատրաստ է։

Եվ այսպես՝

Քոլեջի խմորեղենի արտադրամաս-լաբորատորիան ընդունում է պատվերներ։ Պատվիրե՛ք Ձեր ծննդյան ծեսի տոնական տորթիկը, և այն Ձեզ կհասնի րոպեների ընթացքում գեղեցիկ փաթեթավորված և հաճելի անակնկալներով։ Ունենք նաև առաքման ծառայություն։ Վստահե՛ք և համտեսե՛ք որակյալ, թարմ 2-5 տարեկանների թաթիկներով թխված և կրեատիվ զարդարանքներով տորթիկները։
Պատվերի հայտը ներկայացնել առնվազն 2 օր առաջ: Կարծես թե շատ հավանեցիր, դե ինչ, շտապի՛ր պատվիրել։ «Mskh Caks» խմորեղենի հմուտ հրուշակագործները սպասում են Ձեզ։ Շուտով կունենանք նաև կայք, որտեղ կտեղադրվեն տեսականին և պատվիրած տարբերակները։ Հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցները հաճույքով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կօգնեն ձևակերպել պատվերն օնլայն կամ հեռախոսով։  Հասույթը կփոխանցվի «Սեբաստացի» հիմնադրամին։

Ծննդյան ծեսի անակնկալները կլինեն շրջիկ թատրոնները՝ ոտիակթատրոն, ստվերաթատրոն, հայելաթատրոնմատիկաթատրոն… որոնք ստեղծվել են դաստիարակ-սան համատեղ աշխատանքի շնորհիվ, հեքիաթասաց մայրիկ-հայրիկները, տատիկ-պապիկները, կլինեն դաստիարկ-ուսանող  ծաղրածուներ, որոնք էլ ավելի հետաքրքիր և հագեցած ծրագրով կներկայանան, կլինի իսկական հեքիաթային ծննդյան ծես, որտեղ հերոսները կխառնվեն իրար, կլինեն մարզական խաղեր, զվարճալի պատումներ, շնորհավորանք-բարեմաղթանքներ, նվերի պատրաստում հենց տեղում։

Այսպիսով միջավայրը դաստիարկ-սան-ծնողների նախաձեռնությամբ կկենդանանա ու կհարստանա, իսկ ստեղծագործական գործընթացում կպահպանվի խաղային, ուրախ, մարզական, զվարթ ու խենթ մթնոլորտը։

Խմբասենյակում կունենանք Ծննդյան ծեսի օրացույց, որտեղ յուրաքանչյուրն ամեն օր կհետևի և կհաշվի, թե քանի օր մնաց իր ծննդյան ծեսին։ Երկու օր շուտ կսկսեն նախապատրաստական աշխատանքները՝ խմբասենյակը վերածելով տոնական սրահի։ Միասին կստեղծենք՝

  • գունավոր, հետաքրքիր լուծումներով տոնական գլխարկներ,
  • տոնական փուչիկներ, ժապավեններ,
  • թաղարային ծաղիկներ (նվիրելու համար),
  • կավե կրծքազարդեր, կախազարդեր,
  • ծննդյան օրվա հրավիրատոմսեր,
  • լուսանկարներով զարդարված սրահ(ծնված օրվանից մինչև այդ տարիքը),
  • տոնական սեղան՝ իր տոնական սպասքադրմամբ,
  • տոնական մթնոլորտ՝ ծննդյան պարերգերով, երգերով, գովերգերով, խաղիկներով, թռնոցիներով, բարեմաղթանքներով , մարզական խաղերով ևնվերների հանձնմամբ:

Իսկական ծննդյան նվեր կարող է լինել այդ օրը բակում ծնողի հետ պտղատու ծառ տնկելը, ամեն ծնունդի հետ մի նոր տնկի, որը կունենա անձնագիր: Ծնողի հետ կխնամենք և տարիներ անց կհամտեսենք բերքը:

Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2֊5 տարեկանների խմբերի դաստիարակների նյութերը։

Լուսանկարը` Սոնա Կարապետյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s