Այսօր ամռան առաջին ամիսն է, և մեկնարկեցինք երեխաների պաշտպանության միջազգային օրով, այլ կերպ ասում են՝ մանուկների օր։ Օրը յուրահատուկ էր ջերմ մթնոլորտով, տրամադրությամբ։
Կրթահամալիրում տոնը նշեցինք միասնական, ըստ օրագարգի, ժամանակացույցի, բոլոր դպրոցներում լսվում էր ջրի, չփչփոցների, ծիծաղի ու հրճվանքի ձայն, տոնը ավելի հավես ու հիշարժան դարձրեց մեր կապուտակ լողավազանը։ Առավոտյան ժպտերես սաները ծնողների հետ շտապում էին պարտեզ, փուչիկներով ու իրենց լողափնյա պարագաներով, ուրախ էին որ վերջապես ամառը եկավ, ջերմացրեց մեր օրը, հոգին, և առօրյան։ Հագան լողազգեստները, պատրաստվեցին և գնացինք լողափ, այտեղ մեզ սպասում էին Հարավի մյուս խմբի սաներն ու դաստիարակները, դիմավորեցին ծափահարություններով, իսկ մենք ողջունեցինք ժպիտներով, ծափերով, և գունավոր փուչիկներով։ Շրջան կազմելուց հետո, երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ սկսեցինք երգել ու խաղալ։ Այնուհետև մեզ անակնկալ էր սպասվում, տիար Բլեյանը պաղպաղակ էր փոխանցել սաներին, որ ուտեն ու հովանան։ Սաների ամբողջ օրը անցավ հրճվանքով, խինդ ու ծիծաղով։